Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դեսպան Ջեյմս ՈՒորլիքի ելույթը. Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ

Դեսպան Ջեյմս ՈՒորլիքի ելույթը. Լեռնային Ղարաբաղ. Կարգավորման ուղիներ
08.05.2014 | 11:35

Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամ
Հարգելի հյուրեր, տիկնայք և պարոնայք,
Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք ինձ հետ միասին: Ձեզնից ոմանց ես ճանաչում եմ, դուք վերջին ութ ամիսների ընթացքում ինձ համար եղել եք խորհրդատու, գնահատական եք տվել հնչեցված գաղափարներին և ես առանձնակի շնորհակալություն եմ հայտնում ձեզ:
Թույլ տվեք սկսեմ նրանից, որ չեմ ցանկանում վերստին անդրադարձ կատարել հակամարտության պատմությանը: Մեր նպատակը պետք է լինի առաջընթացի պրագմատիկ ճանապարհ գտնելը, որը տևական լուծում կապահովի:
Թեպետ ես այսօր հանդես եմ գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, սակայն ես չեմ խոսում համանախագահների անունից:
Ձեզ ուղղված իմ ուղերձը ներկայացնում է ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը, որով առաջնորդվում ենք խաղաղության հասնելու հարցում կողմերին օգնություն ցուցաբերելու մեր ներգրավվածության շրջանակում:
Իսկ խաղաղությունը հասանելի է: Կողմերը հասել են մի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն:
Մի շարք առիթներով նրանք գրեթե եկել են համաձայնության, վերջին նման դրվագն արձանագրվել է 2011 թ.: Եվ ամեն անգամ ձախողված հերթական փուլից հետո, երբ անխուսափելիորեն կրկին նստել են բանակցային սեղանի շուրջ, հաջորդ «մեծ գաղափարի» կառուցվածքային տարրերը նման են եղել նախորդին:
Կա սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը, և ոչ ոք չի առաջարկել, որ մենք դրանք մի կողմ դնենք: Մարտահրավերն այն է, որ ճանապարհ գտնենք օգնել կողմերին ձեռնարկել այդ վերջին, համարձակ քայլը մնացյալ տարաձայնությունները կամրջելու ու իրենց ժողովուրդներին ապահովելու խաղաղություն ու կայունություն, որին նրանք արժանի են:
Երկու տասնամյակ, սակայն, խաղաղությունն անորսալի է եղել: Բոլոր կողմերի միջև անվստահություն կա միմյանց նկատմամբ, և Հայաստանում ու Ադրբեջանում հասակ է առել երիտասարդների մի սերունդ, որ միմյանց հետ անմիջական շփման հնարավորությունից զրկված է եղել:
Շատերն են նշում, որ ավագ սերնդի ներկայացուցիչները հիշում են, որ մի ժամական հայերն ու ադրբեջանցիները կողք-կողքի ապրել են, ու տարաձայնությունները հարթելու համար զենք վերցնելու կարիք չի զգացվել:
Մի առիթով Չերչիլն ասել է. «խաղաղությունը բանակցում ես թշնամուդ հետ, ոչ թե բարեկամիդ հետ»: Ցանկացած բանակցության հաջողության գրավականն այն է, որ բոլոր կողմերը գան այն եզրահանգման, որ մի բան շահում են, իսկ հայերի ու ադրբեջանցիների պարագայում կասկածից վեր է, որ համաձայնությունը բարգավաճման նոր դարաշրջան կբացի ողջ տարածաշրջանում: Խաղաղությունից բխող օգուտները շատ ավելին են, քան այն, ինչ վճարում ենք շարունակաբար փակուղում գտնվելու դիմաց, և այն հնարավորություն կընձեռի խուսափել թշնամանքի վերականգնման աղետալի հետևանքներից:
Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից, ավելի մեծ անվտանգությունից, առևտրի, ուղևորությունների և իր բոլոր հարևանների հետ կապերի նոր հնարավորություններից:
Ադրբեջանը կկարողանա վերացնել այն հիմնական խոչընդոտը, որ կանգնած է իր` որպես համաշխարհային խաղացող, տարածաշրջանային առևտրային կենտրոն և անվտանգության ոլորտի ամուր գործընկեր կայանալու ճանապարհին` միաժամանակ հաշտեցման ու վերադարձի հեռանկար բացելով հարյուր հազարավոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար:
Իսկ Լեռնային Ղարաբաղում բնակվող հազարավոր մարդիկ կկարողանան ազատվել մեկուսացման ու կախվածության կապանքներից:
Խաղաղության համաձայնագիրը՝ պատշաճ մշակված ու իրականացված, վերջ կդնի նաև սահմանի ու շփման գծի երկայնքով մարդկային կորուստների ողբերգական ու կայուն շարքին թե զինվորական, թե քաղաքացիական անձանց շրջանում: Թվերը դժվար է հստակ նշել, սակայն արդեն իսկ այս տարվա ընթացքում կրակագծում մեկ տասնյակից ավելի մարդիկ զոհվել են, իսկ վիրավորվածների թիվը նույնիսկ ավելին է: Սա անընդունելի է:
Ոչ պակաս կարևոր է այն մեծ ֆինանսական բեռը, որը մարտական պատրաստականության ու սպառազինությունների մրցավազքի հետևանքով կրում են պետական բյուջեները. դա խաղաղության շահաբաժինն է, որը առավել արդյունավետ օգտագործման դեպքում ինքնին ի զորու է փոխել իրավիճակը թե Հայաստանի, թե Ադրբեջանի համար:
Հաջորդ շաբաթ նշում ենք հրադադարի համաձայնագրի ստորագրման 20 տարին: Թեպետ կարող ենք հպարտանալ, որ կարողացել ենք խուսափել բացահայտ պատերազմի վերսկսումից, սակայն պետք է նաև համաձայնենք, որ ներկա իրավիճակն անընդունելի է ու երերուն:
Անվերջ բանակցություններ, բռնության պարբերական պոռթկումներ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվողների մեկուսացում, հուսահատություն Ադրբեջանում և վրդովմունք վերջինիս ներքին տեղահանվածների շրջանում. սա խաղաղության ու կայունության բաղադրատոմսը չէ, սա բարգավաճման ուղին չէ:
Տարածաշրջանի մարդիկ արժանի են ավելի լավին:
Այս աշխատանքը ես սկսեցի անցյալ տարվա սեպտեմբերին՝ այցելելով տարածաշրջան և հանդիպում ունենալով երկու նախագահների ու նրանց արտգործնախարարների հետ Բաքվում և Երևանում: Ես նաև եղա Լեռնային Ղարաբաղում՝ միանալով դեսպան Անջեյ Կասպրչիկի թիմին, որն իրականացնում էր ԵԱՀԿ հերթական մշտադիտարկումը շփման գծի երկայնքով՝ Աղդամի ու Գինդարխի ճանապարհների միջև ընկած հատվածում:
Ես թիմին միացա շփման գծի արևմտյան կողմում և առաջին անգամ ռազմաճակատի գիծը տեսա: Ես տեսա այն դժգույն իրականությունը, որ ծառացած է այս գծի երկու կողմերում գտնվող զինվորների առաջ, ովքեր ապրում և աշխատում են խրամատների ու դիրքերի ետևում և միմյանցից բաժանված են միայն փշալարերով ու ականապատ տարածքներով:
Կողմերն ապրում են դիպուկահարների կրակոցների ու ականների պայթելու վախն իրենց սրտերում: Նրանք մտահոգված են շփման գծին կամ հայ-ադրբեջանական միջազգային սահմանին «շատ մոտ» գտնվող քաղաքացիական բնակչության կյանքով, արոտավայրերի ու դաշտերի, գերեզմանների ու շենքերի հասանելիության հարցերով:
ԵԱՀԿ դիտորդներն աշխատել են երկու տասնամյակ՝ աչքերը պահելով այս փխրուն խաղաղության վրա, սակայն չունենք իրավասություն կամ ռեսուրսներ վերջ դնելու հաճախակի արձանագրվող դժբախտ դեպքերին, կամ էլ բացահայտելու պատասխանատուներին:
Կողմերն ամեն տարի հրադադարի խախտման մասին հազարավոր հաղորդումներ են ներկայացնում, սակայն մենք անկարող ենք գտնվել համաձայնության գալ որևէ միջոցի շուրջ, որը կնվազեցներ այդ դրսևորումները:
Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե-ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին:
Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները:
Մայրաքաղաքներում ես առավել հուսադրող ուղերձներ եմ լսել: Երկու նախագահներն էլ ցանկանում են առաջընթաց ունենալ: Երկուսն էլ համաձայն են, որ վերջին տարիների ընթացքում բանակցված փաստաթղթերը պարունակում են համաձայնության ընդհանուր գծերը:
Համանախագահներն անցյալ տարվա նոյեմբերին Վիեննայում ընդունեցին նախագահներին: Դա 2012 թ. հունվարից հետո նախագահների առաջին հանդիպումն էր, և նրանց առաջին դեմառդեմ հանդիպումը 2009 թ. ի վեր: Նրանց խոսակցությունը, առաջընթացի ուղի գտնելու հանձնառության մասին հայտարարելը հուսադրող էր մեզ համար: Դրանից հետո մենք տաս տարբեր առիթներով հանդիպել ենք արտգործնախարարների հետ՝ մեկի կամ երկուսի հետ միասին, որպեսզի քննարկումը շարունակվի:
Այնուհանդերձ, հստակ է, որ միայն նախագահներն են ի զորու են իրենց երկրների համար նման փոխակերպող հետևանքներ ունեցող համաձայնություն կնքել: ԱՄՆ-ը երկու ղեկավարներին համառորեն հորդորել է կրկին հանդիպում ունենալ առաջիկայում և օգտագործել այս հնարավորության պատուհանը, երբ խաղաղությունը հնարավոր է:
Երբ ես անցյալ տարի աշնանը առաջին անգամ ուղևորվեցի Բաքու և Երևան, ես փոխանցեցի նախագահ Օբամայի գրավոր հավաստիքներն ու վերահաստումն առ այն, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը ` որպես Մինսկի խմբի համանախագահ և որպես երկու պետությունների սերտ գործընկեր:
Փոխզիջումների շրջանակն այդ պահի դրությամբ արդեն իսկ հաստատված էր, և իմ ուղերձն այն էր, որ ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:
Թույլ տվեք ներկայացնել «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009 թ. Լ՛Ակվիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու ԼՂ հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:
Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:
Այդ հիմքի վրա կառուցելով ՝ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս տարրերի հերթականությունը և դրանց մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:
Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.
Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:
Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:
Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:
Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:
Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:
Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության:
Ժամանակն է, որ կողմերը հանձնառություն ստանձնեն ձեռնամուխ լինելու խաղաղության բանակցություններին՝ հիմք ընդունելով մինչ օրս կատարած աշխատանքը: Անիրատեսական է կարծել, որ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումներն ինքնին բավական են տևական խաղաղություն հաստատելու համար:
Երբ այս բանակցությունները մեկնարկեն, կողմերը ոչ միայն պետք է վերահաստատեն հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունը, այլ նաև ձեռնարկեն երկար սպասված և հույժ անհրաժեշտ անվտանգության համար վստահության ձևավորման միջոցներ: Երբ մենք լծվենք խաղաղության բանակցություններին, գործնական հարցերի ավելի լայն շրջանակ կարող ենք ներկայացնել, որոնցից կշահեն բոլոր կողմերը: Կձևավորվեն տնտեսական և կոմերցիոն խթաններ. կվերականգնվեն էներգետիկ, տրանսպորտային և հեռահաղորդակցության կապերը, կլինեն ուղևորություններ ու ժողովուրդների միջև շփումներ ապահովող ծրագրեր, որոնք կսկսեն հակակշիռ ապահովել ներկայումս գերակայող վտանգավորության աստիճանի հասնող միակողմանի պատմություններին:
Մինսկի խմբի համանախագահներին համախմբում է խնդրի խաղաղ կարգավորման հասնելու հարցում կողմերին օգնելու ընդհանուր նպատակը: Մենք մտադիր ենք աշխատել Մինսկի խմբի շրջանակում՝ որպես հակամարտության կարգավորման հիմնական օղակ: ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով: ԱՄՆ-ը պատրաստ է օգնել և անել այն ամենը, ինչ կարող է: Մենք նաև կոչ ենք անելու ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում գտնվող սփյուռքի համայնքներին հանդես գալ խաղաղության հաստատման դիրքերից և օգնել վերջակետ դնելու այս հակամարտությանը:
Իհարկե, առաջին քայլը ձեռնարկելը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների խնդիրն է: Նրանք պետք է դիտարկեն այն միջոցները, նույնիսկ միակողմանի միջոցները, որոնք ի ցույց կդնեն առաջընթացի իրենց մղումը, լարվածությունը թուլացնելու ու բանակցային մթնոլորտը բարելավելու հանձնառությունները: Նրանք պետք է կրճատեն թշնամական հռետորաբանությունը և բնակչությանը նախապատրաստեն խաղաղության և ոչ պատերազմի:
Տևական կարգավորման հարցում անբաժանելի ու ոչ պակաս կարևոր են ադրբեջանցիների ու հայերի միջև կապեր, շփումներ ապահովող ժողովրդական դիվանագիտության ջանքերը: Այս կարգի ծրագրերը կարող են օգնել երկու երկրների քաղաքացիներին պատրաստվել խաղաղությանը և հաշտվել անցյալի ցավերի հետ: Ակնկալում ենք, որ կողմերը կօժանդակեն այն անձանց և կազմակերպություններին, որոնք պատրաստ են աշխատել ժողովրդական դիվանագիտության ու մարդկանց շփումներին ուղղված ծրագրերում:
Հուսով եմ, որ դուք կաշխատեք մեզ հետ տևական խաղաղության հարցն առաջ տանելու ուղղությամբ: Համանախագահների մանդատն է նպաստել բանակցություններին, սակայն մենք բոլորս պետք է աջակցենք ակտիվ քաղաքացիներին, աշխարհիկ ու կրոնական առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներին և բոլոր մյուսներին, ովքեր հետամուտ են այս նպատակներին: Տևական խաղաղություն կերտելիս հիմքում սոսկ թուղթը չէ, այլ վստահությունը, հավատ ընծայելը և երկու երկրների ժողովուրդների մասնակցությունը: Եկեք աշխատենք միասին, որպեսզի խաղաղության պահանջարկ ձևավորենք: Եկեք պահանջատեր լինենք այն օգուտներին, որ խաղաղ կարգավորումը կբերի տարածաշրջանի բոլոր մարդկանց համար:

Դիտվել է՝ 876

Մեկնաբանություններ